Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը հայտարարել է, որ մոտ 55 կազմակերպության կամ դրանց մասնաճյուղի գործունեություն ժամանակավորապես դադարեցվել է Պարետի որոշմանը համապատասխան սանիտարահիգիենիկ նորմեր չունենալու պատճառով։

Նա նշել է, որ Տեսչական մարմինը շարունակաբար մշտադիտարկումներ է իրականցնում, որոնք կրում են ոչ միայն վերահսկողական, այլև խորհրդատվական բնույթ։

Նա հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու և աշխատողների առողջության համար անվտանգ պայմաններ ապահովելու համար Պարետի որոշմամբ աշխատավայրում պետք է ապահովվեն պայմաններ՝ ձեռքերի մանրակրկիտ լվացման համար, ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայության:

Հաճախորդների հետ անմիջական շփվող աշխատակիցները պետք է կրեն դիմակներ, գործատուն պետք է ապահովի մինչև 10 աշխատողի համար առնվազն 1 ծորակի առկայությունը։ Աշխատավայրերում անհրաժեշտ են աղբամաններ՝ օգտագործված դիմակները նետելու համար և ջերմաչափեր՝ յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունն օրվա ընթացքում առնվազն 2 անգամ չափելու նպատակով։

Ախտանշաններ ունեցող աշխատակիցները պետք է մեկուսացվեն և դիմեն առողջապահության նախարաությանը, պետք է ապահովվի մեկուսացված աշխատակցի՝ հեռավար աշխատելու հնարավորությունը։

Խոցելի խմբերում գտնվող աշխատակիցների, հիվանդներ կամ երեխա խնամողների համար պետք է սահմանվի աշխատանքային ճկուն գրաֆիկ։

Գործատուներն աշխատանքը տնից կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցների մեկտեղումից զատ նաև պարտավոր են ապահովել աշխատավարձի տրամադրումը՝ աշխատանքի որակի և ժամկետի պահանջները կատարելու դեպքում։