Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1201 դեպք, որոնցից 402-ն` առողջացած, 19-ը` մահվան ելքով: Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Երեկ նաև արձանագրվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Երեխայի և մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ծննդաբերությունից հետո ծննդկանի մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռևս 14 օր կգտնվեն բժիշկների հսկողության տակ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 10793 թեստավորում: