Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատող Էլմիրա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում կոլեգաների անունից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով անուշադրության չմատնել նաև արդեն 20 օր չաշխատող ֆաբրիկայի խնդիրները։

Նա նշել է, որ մոտ 2500 աշխատակից (ընտանիք) կանգնած է «օրվա հացը վաստակելու խնդրի առջև, երկար տարիներ աշխատելով տվյալ գործատուի մոտ և վճարելով ամսական միլիոնների հարկեր»։

«Չմոռանանք նաև հեղափոխության օրերը՝ մեծ դեր ունենալով հեղափոխությունն իրականանալու գործում, մենք բոլորս մեկ մարդու նման եղանք ձեր և ձեր ղեկավարած իշխանության կողքին և այսօր էլ դեռ շարունակում ենք սատարել ձեզ։ Սակայն այսօր մենք և մեր գործատուն կանգնած ենք այս լուրջ խնդրի առջև։

Ես ինձ իրավունք եմ վերապահում աշխատակիցների անունից հանդես գալ և դիմել ձեզ։ Խնդրում ենք շտապ լուծել այս խնդիրը, և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի որևէ կետով բյուջեից հատկացնել գումար»,- ասվում է գրառման մեջ։