ԵՄ անդամ պետություններում կորոնավիրուսի արագ տարածման հանգամանքը միանգամայն բնական էր, ինչը պայմանավորված է Միության կողմից իրականացվող ներքին բաց սահմանների քաղաքականության հետ։ Այդ մասին նշել է Երևանի պետական համալսարանի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Նարեկ Գալստյանը։ Գրում է «Հետք»-ը։

«Եվրոպական միությունն իր ներքին տարածքում վարում է բաց սահմանների քաղաքականություն, ինչը հնարավորություն է տալիս, առանց արգելքների, ազատ տեղաշարժ Միության ողջ տարածքում։ Բացի այդ, ԵՄ բնակչության կազմում զգալի թիվ են կազմում մեծահասակները, որը կորոնավիրուսի տեսանկյունից ամենից խոցելի տարիքային խումբն է»,- նշում է քաղաքագետը։

Ըստ քաղաքագետի՝ Եվրոպական միությունում կորոնավիրուսի համավարակին կհաջորդի տնտեսական խորը ճգնաժամը, որը բացասաբար կազդի Միության բյուջեի վրա։ Այդուհանդերձ, ի հակադրումն որոշ փորձագետների, այն էական փոփոխություններ չի մտցնի անդամ պետությունների երկկողմ հարաբերություններում։ Ավելին, հետճգնաժամային ժամանակաշրջանում անդամ պետություններն էլ ավելի կխորացնեն համագործակցությունը, հատկապես, առողջապահական ոլորտում։ Առողջապահական քաղաքականությունը չի գտնվում ԵՄ բացառիկ իրավասությունների տիրույթում, և քաղաքագետը վստահ է, որ անդամ պետություններն էական փոփոխություններ կիրականացնեն այս համատեքստում։

Նարեկ Գալստյանը նշում է, որ տարեվերջին կկրճատվի ԵՄ բյուջեն, քանի որ այն ձևավորվում է անդամ պետությունների ՀՆԱ-ի հիման վրա, իսկ անդամ երկրների ՀՆԱ-ն միանշանակ կկրճատվի։ Քաղաքագետը կանխատեսում է, որ Միությունը կարող է խնայողություններ իրականացնել հարևանության քաղաքականության հաշվին, քանի որ խնդիր ունի մնալու համաշխարհային տնտեսության հսկաներից մեկը, իսկ Միության տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ են միլիարդավոր եվրոների ներդրումներ։ Այդուհանդերձ, քաղաքագետը նշում է, որ հնարավոր է կրճատումները նշանակալի չլինեն, քանի որ վերջին երկու ամիսներին նկատվում է, որ Միությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հարևան պետություններին։