Երեկ երեկոյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ օրեր շարունակ գիշերած տասնյակ հայերի։ Նրանցից մեկը պատմել է, որ ժամը 19:00-ի սահմաններում իրենց են մոտեցել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները և շատ հարգալից խնդրել դուրս գալ օդանավակայանի սրահից։

Սրահում գտնվող մոտ 100 հայեր դուրս են եկել, իրենց հետ դուրս հանելով նաև իրերը։

«Կազմակերպվեցինք, ով բարեկամ կամ ընկեր ունի, կարող է մի քանի հոգի իր հետ տանել, պահել, բաժանեցինք մարդկանց մեջ։ Հիմա խնդիր չկա, բոլորս լավ ենք։ Մենք էլի շնորհակալ ենք օդանավակայանից, այդքան մեզ դիմացան»,- ասել է նա, գրում է «Հետքը»։

Քաղաքացին պատմել է նաև, որ երեկ խոսել են նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Դեսպանը օդանավակայանում հավաքված հայերին վստահեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայից հատուկ չվերթ է լինելու դեպի Հայաստան։

Նշենք, որ օդանավակայանում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։