Դատավոր Դավիթ Բալայանն, ում մակագրվել էր «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դատավոր Բալայանն ինքնաբացարկ հայտնելու որոշման մեջ գրել է, որ մեղադրյալներից Լյովա Բաղդասարյանին անձնապես ճանաչում է 2006-2007թթ-ից, իսկ վերջին տասը տարվա ընթացքում նրա հետ ունեցել է մտերիմ ընկերական, բարեկամական հարաբերություններ:

Դավիթ Բալայանը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասին, նշել է, որ դատավորն, ում հայտնի է քրեական դատավարությանն իր մասնակցությունը բացառող հանգամանքներ, պարտավոր է դրանց մասին հայտնել դատավարության շահագրգիռ մասնակիցներին, իսկ այն դեպքում, երբ կասկածում է իր մասնակցությամբ գործի նորմալ քննության հնարավորության վրա, պետք է հայտնի ինքնաբացարկ:

Հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածին՝ Բալայանը գրել է.

«Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։ Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Տվյալ դեպքում կողմնակալ վերաբերմունք ունեմ մեղադրյալ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ և որպես դատավոր չեմ կարող լինել անաչառ ու գործով իրականացնել անկողմնակալ քննություն: Նկատի ունենալով վերոգրյալը` գտնում եմ, որ սույն գործով պարտավոր եմ հայտնել ինքնաբացարկ»,- գրել է Դավիթ Բալայանը։

«Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ գործն այժմ մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին։

Հիշեցնենք, որ Լյովա Բաղդասարյանը մեղադրվում է 700.000 դրամ կաշառք ստանալու մեջ, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործեով խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, «2015 թվականի մարտի 23-ից զբաղեցնելով Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, քրեական հեղինակություն վայելող այսպես կոչված՝ զոն նայող դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաև քրեական հեղինակություն վայելող Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ հավաքագրված գումարներից՝ «Կոշ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով, 2019թ․ սեպտեմբերի 17-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է խոշոր չափերով՝ 700․ 000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Հայկ Կարապետյանն, ով դատապարտված է եղել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար, մեղադրվում է խոշոր չափով կաշառք տալու, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ կաշառք տալուն օժանդակելու մեջ։

Գործի նախաքննության սկզբնական շրջանում Լյովա Բաղդասարյանը կալանավորված է եղել, սակայն հետագայում գրավի դիմաց ազատ է արձակվել։ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունն, իսկ Հայկ Կարապետյանը կալանավորված է։