Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության, փոխանցում է Past.am-ը:

Դատարանի կարծիքով՝ գործը ծագում է հանրային իրավահարաբերություններից և ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով։ Ըստ դատարանի որոշման՝ Քոչարյանին կալանավայր տեղափոխելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ՀՀ արդարադատության նախարարը բարձրաձայնել է դատախազությանը կալանքի փոխարեն այլ խափանման միջոցների կիրառման միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Քոչարյանը կալանավայր է տեղափոխվել, երբ պետությունը սկսել է ձեռնարկել միջոցներ վարակի դեմ պայքարի շրջանակում կալանքի տակ գտնվող անձանց թիվը պակասեցնելու ուղղությամբ:

«Գործով հայցվորի ներկայացուցիչը խնդրել է կանխել հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի խոշտանգման չենթարկվելու իրավունքի խախտման պատասխանողի գործողությունները, այն է` դադարեցնել խոշտանգումը, բացառելով մինչև համավարակի ավարտը, կամ առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը հայցվորի գտնվելը քրեակատարողական հիմնարկում»,- նշել է դատարանը՝ ավելացնելով, որ հայցադիմումով ներկայացված գործը վերաբերում է հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` պետության, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից հայցվորին կալանավայր տեղափոխելու որոշմանը և գործողություններին»,- նշել են կառույցից: