Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-ին, Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության ֆոնդի ներկայացուցիչների հետ կայացած կլոր սեղան քննարկման ժամանակ, հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման տարբերակը, որը նախորդ տարի Մոսկվայում առաջարկվել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, ակտիվորեն քննարկվում է։ Վերջինս ենթադրում է հակամարտության փուլային կարգավորում։

Այսօր՝ ապրիլի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը։

«Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018թ-ից ի վեր քննարկումերը սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014 թվականին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- ասել է Մնացականյանը։

Մնացականյանը նշել է, որ հայկական երկու կողմերի համար էլ առաջնայինը բանակցային գործընթացում անվտանգության բաղադրիչն է։

«Որևէ հայկական կողմ չի կարող վերանայել դա՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշել է Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ տեղի ունեցող բանակցությունների հիմնական սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է, որը հայկական կողմերի համար առաջնայինն է տեղի ունեցող բանակցություններում։

«Դա մենք կոչել ենք անվտանգություն եւ ստատուս: Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում՝ ազատ կամարտահայտության իրավունք առանց սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել եւ չեն լինելու: Հայկական կողմերը չեն ստանձնելու որեւէ նման մոտեցում, որ ենթադրի անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սպառնալիք ստեղծել, առավել եւս այն պայմաններում, որ այդ սպառնալիքը մնում է ռեալ եւ էքզիստենցիալ»:

Մնացականյանը նաև նշել է.

«Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության եւ ստատուսի տարրերի լիարժեք արտահայտում: Սա եղել է հայկական կողմի մոտեցումը, մնացել է հայկական կողմի մոտեցումն այս երկու տարվա ընթացքում, մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին: Եթե որեւէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել, մի այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխավում է: Նման բան չի եղել եւ չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ Հայաստանի որեւէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել՝ անկախ ամեն ինչից»:

Զոհրաբ Մնացականյանը նաև նշել է, որ գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը։ Հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը։ Բացի այդ, հայկական կողմերը հավատարիմ են մնալու այս սկզբունքին ու շարունակելու են պնդել այն։