Այն տնտեսվարողները, որոնք մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը ներդրումներ կկատարեն սարքավորում կամ անշարժ գույք ձեռք բերելու համար, հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել և սկզբնական շրջանում քիչ շահութահարկ վճարել:

«Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին հայտնել է «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Գործող կարգավորմամբ, եթե տնտեսվարողը ներդրում է կատարում՝ սարքեր է գնում, շենք է կառուցում, նա չի կարող այդ ծախսը միանգամից ծախսագրել տվյալ տարում: Առանձին խմբերի համար կան նվազագույն ժամկետներ, օրինակ՝ համակարգչային տեխնիկայի համար մեկ տարի է, իսկ արտադրական սարքավորումների համար՝ 5 տարի, շինությունների համար՝ 20 տարի»,- բացատրել է Թունյանը։

Նրա խոսքով՝ օրինագիծն առաջարկում է, որ այդ արտոնությունը տարածվի բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք ներդրում կկատարեն մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ը՝ հավելելով, որ նախագիծը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքները մեղմելու նպատակով և հակաճգնաժամային միջոցառում է տնտեսության համար։

Պատգամավորը նշել է, որ նրանք, ովքեր հաջորդ տարի էին ուզում ներդրում անել, հնարավորություն կունենան այս տարի դա անելու։ Նրա խոսքով՝ ներկայիս կարգավորմամբ, օրինակ, $1 մլն հոսքագիծ գնած ներդրողը չի կարող նույն հարկային տարում իր կատարածը ծախսագրել որպես ծախս, այսինքն՝ պակասեցնել եկամուտներից և ավելի քիչ շահութահարկ վճարել։

Թունյանի խոսքով՝ բիզնեսը ՀՀ-ում սպասում է այս որոշմանը։