ԱԺ ապրիլի 22-ի նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձառնալով այս օրերին քննարկման թեժ թեմա դարձաձ գազի գնին, նշել է, որ երբ ամբողջ աշխարհում հակառեկորդ է սահմանում նավթի գինը, ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի հրաժարվում գազի գինը թանկացնելու որոշումից:

«Ռուսաստանը ճգնաժամային պայմաններում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջն ու ԵԱՏՄ անդամ Հայաստանին, այլև իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության համար: Դա արվում է չափազանց վատ տոնով և հիմնավորումներով»,- գնահատել է պատգամավորը:

«ՀՀ-ին մատակարարվող գազի գինը ՌԴ կողմից որպես մահակ օգտագործելու իրողությունն արդյունք է նախկին իշխանությունների կողմից կնքված գազային խայտառակ համաձայնագրի և ՀՀ ներքին գազաբաշխման համակարգն ամբողջությամբ «Գազպրոմին» հանձնելու հանցավոր որոշման»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ թեպետ այդ համաձայնագիրը չեղարկելը բարդ է՝ կապված միջպետական հարաբերությունների բազմաթիվ խութային ասպեկտների հետ, սակայն ՀՀ ԱԺ-ն ու իշխանությունը պետք է մտածեն այն վերանայելու մասին՝ դրան անդրադառնալով ոչ միայն ՀՀ-ՌԴ երկկողմ, այլև ԵԱՏՄ անդամակցության համատեքստում:

«Մենք շարունակում ենք անդամակցել մի տնտեսական միության, որը գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը, նաև տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսևորում է ամենևին ոչ գործընկերային և ոչ դաշնակցային մոտեցում»,-ամփոփեց Արման Բաբաջանյանը: