Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար:

Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ հանդիսացող յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի անվամբ: Շահառուի պարտքի առկայության դեպքում՝ այդ գումարը կուղղվի բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձևակերպվի որպես կանխավճար:

Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։

Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա։