Ապրիլի 22-ին լրագրողների հետ ճեպազրուցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հարցի կարգավորման և գազի գնի վերաբերյալ հայտարարություններին, ասել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է պարզաբանումներ պահանջի առ այն, որ տեղեկատվություն է տարածվում շատ բարձր մակարդակով, իսկ ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, որ այն չի համապատասխանում իրականությանը:

«Ես որպես քաղաքացի, ԱԺ պատգամավոր հավատում եմ մեր ԱԳՆ-ին, բայց միևնույն ժամանակ պահանջում եմ, որ համապատասխան պարզաբանումներ պահանջվեն ՌԴ ԱԳՆ-ից: Նաև կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է անդրադառնա այս հարցին: Չեմ պատկերացնում, որ ՀՀ-ում կարող է լինել մի իշխանություն, որը կարող է գնալ այդպիսի զիջումների, ինչը ներկայացվում էր նշված փաստաթղթի շրջանակում»,- ասել է պատգամավորը:

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա ըստ Մարուքյանի՝ ՀՀ-ն որպես ԵԱՏՄ անդամ, պետք է ունենա գազի համար էժան գներ:

«Ես հայտը ներկայացնելու հաջորդ օրն եմ հայտարարել, որ գազի գնի բարձրացման ռուսական կողմի հայտը պետք է ՀԾԿՀ-ն մերժի՝ ելնելով այն հանգամանքից, որ նախ՝ աշխարհում նավթագազային մթերքն էժանացել է և նաև այն հանգամանքից, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք»: