Պարետ Տիգրան ԱՎինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է որոշակի սահմանափակումների վերացման մասին․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝

  • Մշակող արդյունաբերության հատվածում՝

- Պոլիգրաֆիական գործունեություն
- Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
- Քարի սղոցում, մշակում և հարդարում
- Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
- Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
- Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
- Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

  • Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝

- Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
- Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
- Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
- Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

  • Տեղեկատվություն, կապ հատվածում՝

- Գրքերի հրատարակություն
- Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

  • Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը
  • Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝

- Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
- Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

  • Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

- Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ

  • Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝

- Արհեստակցական միությունների գործունեություն
- Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
- Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
- Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում

Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով: