ՀՀ կառավարությունը խնդիր է դրել, որ 2021թ-ի առաջին եռամսյակում երկրում ներդրվի պարեկային ծառայություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ ոստիկանության ամբողջ տեսանելի ծառայությունը պետք է փոխվի՝ ձևով և բովանդակությամբ։

Վարչապետի խոսքով՝ այս փոփոխության առաջին փուլը վերաբերելու է կրթությանը, դասընթացների կազմակերպմանը, որոնք, սակայն, չեն մեկնարկել կորոնավիրուսի պատճառով։ Երկրորդ փուլը ներքին գործերի նախարարության ստեղծումն է։

Փաշինյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունում քաղաքական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից, և, ըստ էության, ՀՀ ոստիկանությունը ՆԳՆ-ի հետ հատուկ հարաբերության մեջ կլինի՝ ներառվելով դրա կազմում։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով ոստիկանության ոլորտում սպասվելիք փոփոխությունները, հայտնել է, որ 3 տարվա համար՝ ընդհանուր գործողությունների ծրագիրը գնահատվել է 16․3 մլրդ դրամ, որից 12․9 մլրդ դրամը պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի կազմավորման համար է։ Բադասյանը հայտնել է, որ 12․9 մլրդ դրամից 8․4 մլրդը նախատեսվում է ապահովել պետբյուջեի միջոցներով, մյուս մասը՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

Նախարարի խոսքով՝ առաջին հերթին նախագիծը ենթադրում է ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում։

Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայությունների միավորման արդյունքում կստեղծվի նոր պարեկապահակային ծառայություն։

Պարեկային նոր ծառայության լիազորությունների մեջ ներառվելու են հասարակական կարգի և անվտանգության ապահովումը, հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտանբերումը, կանխումը։ Պարեկային ուժերի համակարգումն իրականացվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը։ Ծառայությունը նախ կգործարկվի Երևանում, նախատեսվում է ներառել 150 մեքենա՝ 600 ծառայողով։

«Այսինքն, ոստիկանությունում քաղաքացիական բնույթի ծառայությունները բուն ոստիկանական ծառայություններից տարանջատվում են։ Մասնավորապես, օրինակ՝ անձնագրերի, վիզաների վարչության գործառույթները, կամ, օրինակ՝ հաշվառման քննական կենտրոնների, ճանապարհային ոստիկանության նմանատիպ գործառութները դուրս են բերվում ոստիկանության համակարգից և ներքին գործերի նախաարության կազմ են տեղափոխվում։ Կձևվելիք ներքին գործերի նախարարությունը կմշակի ոլորտի քաղաքականությունը և քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտում բարեփոխումների իրականացման համար»,- բացատրել է նախարարը։