«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի դեմ քրեական գործ է հարուցվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը ՀՈԱԿ-ում 2019-ի կանոնադրական գործունեության ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Մասնավորապես, պարզվել է, որ․

• Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով,

• խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները,

• առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում,

• խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) հարուցվել է քրեական գործ: