Մեծ Բրիտանիան և Գերմանիան սկսել են կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութի փորձարկումները
Ներկայումս աշխարհում սկսվել և շարունակվում են իրականացվել շուրջ 70 հետազոտություններ, որոնք նպատակամիտված են COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերմանը։ Եթե անգամ այն մշակվի 2020թ-ին, ապա պատվաստանյութի ստացման զանգվածային իրականացումը մոտակա ժամանակներում դժվար թե հնարավոր լինի իրականացնել։
Ապրիլի 23-ին Օքսֆորդի համալսարանում սկսվել է մարդկանց վրա կորոնավիրուսի պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը։ Փորձարկմանը մասնակցում են արական և իգական սեռի ավելի քան 500 առողջ կամավորներ, որոնց տարիքը գտնվում է 18-55 միջակայքում։
COVID-19 կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը կարճ ժամկետներում մշակվել է Էդվարդ Ջեների անվան պատվաստանյութերի հետազոտման ինստիտուտում։ Սովորաբար մարդկանց վրա նմանատիպ փորձարկումներ իրականացնելու համար պահանջվում է մոտ հինգ տարի։ Օքսֆորդի գիտնականները տեղավորվել են 3,5 ամսում։
Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունավետությունը հնարավոր կլինի հաստատել արդեն աշնան սկզբին։ Մշակողները նշում են, որ 80 %-ով վստահ են պատվաստանյութի արդյունավետությանը և ներկայիս տեսքով պատրաստվում են արտադրել պատվաստանյութը։ Այդուհանդերձ, որևէ երաշխիք չկա, որ կլինիկական փորձարկումները բարեհաջող կավարտվեն, իսկ ձախողման պոտենցիալ պատճառները քիչ չեն։ Ավելին չի կարելի բացառել, որ ռեկորդային կարճ ժամկետներում մշակված պատվաստանյութը կարող է բարդացնել պացիենտի վիճակը։
Զուգահեռաբար, Գերմանիայում ևս տրվել է առաջին պաշտոնական թույլտվությունը COVID-19 կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութի փորձարկման համար։ Այդ մասին ապրիլի 22-ին հայտարարել է Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը, որը պատասխանատու է Գերմանիայում նմանատիպ թույլտվությունների համար, ինչպես նաև պատվաստանյութի փորձարկումների գնահատման և թողարկման համար։ Փորձարկման համար թույլատրված պատվաստանյութը մշակվել է Մայնցում գործող BioNTech ընկերությունը, որը կկարողանա այն կիրառել կամավորների վրա։
Կլինիկական առաջին փորձարկումների նպատակն է բացահայտել պատվաստանյութի բաղադրատարրերի ընդհանուր ազդեցությունը և դրա կարողությունն առաջացնելու իմունային ռեակցիա։ Առաջին փորձարկմանը կմասնակցեն 18-55 տարեկան շուրջ 200 առողջ կամավորներ։ Երկրորդ փուլի ժամանակ նախատեսվում է պատվաստանյութը փորձարկել նույն տարիքային խմբի կամավորների մեկ այլ խմբի վրա։ Դրա մեջ պետք է մտնեն բարձր վարակվելիության հավանականություն ունեցող մարդիկ, սակայն այն կիրականացվի միայն նոր տվյալների ուսումնասիրությունից հետո։
Այդուհանդերձ, նախատեսվում է, որ առաջիկայում Գերմանիայում կփորձակվեն այլ պատվաստանյութեր ևս։ Պաուլ Էլրիխի անվան ինստիտուտում նշում են, որ այլընտրանքային տարբերակների առկայությունը անհրաժեշտ է, որպեսզի կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի պայմաններում բոլորին հնարավոր լինի ապահովել պատվաստանյութերով։