Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլսի 600 հայ մտավորականի սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղած նամակում գրել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ։

«Անցյալ տարի իմ երկիրը, համաձայն իմ ստանձնած հանձնառության, Ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Խստորեն հարգելով ներկա առողջապահական վիճակի թելադրած հրահանգները՝ ես որոշել եմ, որ այս տարի նույնպես այդ օրը պետք է նշվի՝ Փարիզում, սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ»,- գրել է Մակրոնը։

Նա հավելել է, որ կորոնավիրուսի համավարակը բոլորին պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ, և ինքը համոզված է, որ Ֆրանսիան ու Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության:

Մակրոնը նշել է, որ ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: