Դահուկավազքի Հայաստանի հավաքականն այս օրերին Ֆինլանդիայում է: Հայ դահուկորդներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մասնակցում միջազգային մրցումների: Նրանք պայքարում են ձմեռային օլիմպիական ուղեգրերի համար:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ մեր դահուկորդները բավականին հաջող հանդես են եկել Սարիսելկա և Ռուկա (Ֆինլանդիա) քաղաքներում կայացած վարկանիշային մրցաշարերում.

«Մեր դահուկորդների մոտ բավականին առաջընթաց կա: Նախորդ տարի Ռուկայում Միքայել Միքայելյանը վաստակել էր մոտ 120 միավոր, իսկ այս տարի՝ 84-85: Մրցումից մրցում նա մեծ աճ է գրանցում: Նույնը կարող եմ ասել Թադևոս Պողոսյանի մասին: Շատ ուրախալի է նաև Կատյա Գալստյանի արդյունքը: Նա իրեն լավ է դրսևորում, մեկ մեկնարկ ունեցել է 135 միավորով: Մարիամ Միքայելյանը չի մասնակցել մրցաշարերին՝ հարբուխի պատճառով: Այս դահուկորդները ևս մեկ մեկնարկ կունենան դեկտեմբերի 10-ին»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Գագիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ հայ լեռնադահուկորդները նույնպես պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար: Հարություն Հարությունյանն ու Վազգեն Առաքելյանը վարկանիշային մրցաշարերի են Ավստրիայում և Իտալիայում:

Օլիմպիական ուղեգրին մոտ է մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը: Ուղեգիր նվաճելու համար նա պետք է լինի դասակարգման աղյուսակի 300 լավագույնների շարքում: Այդ դեպքում, մեր երկիրը օլիմպիական խաղերում կկարողանա ունենալ ևս մեկ դահուկավազորդ, որի միավորները կլինեն 100-ից ցածր: