Մարտի 1-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ից:

Հարվածները մասնավորապես հասցվել են Հաքուրք և Քանի Ռաշ շրջաններում: Հարվածների հետևանքում մահացել է PKK-ի 4 զինյալ: Թուրքական կողմի պնդմամբ՝ փետրվարի 28-ին քուրդ զինյալները Իրաքի այդ շրջաններից կրակել են Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների վրա:

Թուրքական օդուժը պարբերաբար հարվածներ է ուղղում PKK-ին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են քրդական կառույցի հիմնական բազաները և ճամբարները: Թուրքիայի տարածքում թուրք ուժայինների և PKK-ի բախումները վերսկսվել են 2015թ․-ի ամռանից: Դրանց ներգրավված է թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ուժերը, հատուկ ջոկատայինները: