ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն ապրիլի 27-ին կառավարության մամուլի կենտրոնում հայտնել է, որ փոփոխություն է կատարվել հակաճգնաժամային 3-րդ ծրագրում:

Հիշեցնենք, որ դրա շահառուները ՓՄՁ-ներն են, այն վերաբերում է մշակող արդյունաբերության, առողջապահության, կացության և հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության, սպասարկման ծառայությունների ոլորտներին:

Ըստ արված փոփոխության՝ եթե նախկինում ասվում էր, որ աջակցություն ստանալու համար տնտեսվարողը ժամկետանց հարկային պարտավորության շուրջ վարույթ չպետք է ունենա, այժմ պահանջը մեղմացվել է: Ըստ այդմ՝ ՓՄՁ ներկայացուցիչն աջակցություն կարող է ստանալ, եթե դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություն չունի: Միայն վարկ ստանալիս 1 տոկոս գումար են վճարում:

Մեկ նոր ծրագիր էլ կա, որը կոչվում է «Հաջող սկիզբ»: Դա վերաբերում է մինչև 3 տարի գործող կազմակերպություններին ու նաև դեռևս չգրանցված անհատ ձեռնարկատերերին: Նրանք մասնակցում են մեկամսյա վերապատրաստման դասընթացների, ներկայացնում բիզնես-ծրագրեր: Դրանք իրատեսական գնահատվելու դեպքում ֆինանսավորվում են առանց գրավի:

«Վարկային գումարի չափը մինչև 5 մլն դրամ է, գործող տոկոսադրույքը 10, սակայն աշխատանքներ են տարվում 5 մլն-ը դարձնել 10 մլն դրամ, նաև նվազեցնել տոկոսադրույքը»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա՝ դիմումների համար վերջնաժամկետ սահմանված չէ: Ներկա դրությամբ՝ աջակցության 3-րդ ծրագրով ունեն 461 հաստատված դիմում: