Պարետի որոշմամբ արտակարգ դրության մի շարք սահմանափակումներ մեղմվել են։

Մասնավորապես, թույլատրվում է բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական՝ 1 կմ հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ այցելել։

Թույլատրված է բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կմ հեռավորությամբ սպորտով զբաղվել կամ հեծանիվ վարել, բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կմ հեռավորությամբ 2 չափահաս անձանց կամ ընտանիքի անդամներով զբոսնել։

Սահմանափակումների մեղմմանը զուգահեռ՝ անհրաժեշտ է սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայություն։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ զբոսանքի դուրս գալու համար ժամեր կսահմանվեն՝ առավոտյան ժամը 10-ից 12-ը և երեկոյան 19:00-ից 21:00-ն։ Փաշինյանն ասել էր, որ եթե արտառոց բան չպատահի, Կառավարությունը կգնա սահմանափակման ռեժիմների նվազեցման։ Վարչապետի խոսքով՝ նախատեսում են առաջիկա 10 օրվա ընթացքում տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացել, իսկ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ոլորտի համար անվտանգության կանոնների պահպանման տրամաբանություն պետք է մշակի։