Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացն էլեկտրոնային կլինի ամբողջ հանրապետությունում, ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, գրում է «Հայկական ժամանակը»։

Ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում։ Առաջնահերթությունը տրվելու է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցողներին, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։

Փոխնախարարը հավելել է, որ մարտից սկսել են փորձարկումներ և ճշգրտումներ անել, որ որևէ տեխնիկական խնդիր չառաջանա։

Անդրեասյանը պարզաբանել է, որ հեռավար կրթության արդյունքները կիսամյակային գնահատականի համար հաշվի չեն առնվելու՝ ապահովելու համար սովորողների հավասարությունը։ Նա նշել է, որ դպրոցների աշակերտների 15-20%-ը համապատասխան սարքեր չունենալու պատճառով չի մասնակցում դասապրոցեսին։

Ըստ նրա՝ գնահատելի է այս ընթացքում կուտակված փորձը, այն թեմաները, որոնք անցել են, չեն կրկնվելու, իսկ բացթողումների համար կլինեն պահուստային օրեր։