ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ պարզվել են վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ոսկու առքուվաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, միաժամանակ իրականացնելով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության փոխտնօրենի լիազորությունները, նշված ընկերության ոսկեգործական իրերի առևտրի կենտրոնում ունենալով վարձակալած տարածք՝ ոսկերիչներին ապահովել է ոսկիով: 2011թ. հունիսի 29-ին ՍՊ ընկերության և բանկի միջև կնքվել է վարկային գծի պայմանագիր, ինչպես նաև՝ նույն օրը նույն բանկի, ՍՊ ընկերության և «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության միջև կնքված երաշխավորության պայմանագրով՝ «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությունը հանդիսացել է ՍՊ ընկերության չկատարած պարտավորությունների երաշխավորը:

ՍՊ ընկերության տնօրենը, վստահությունը չարաշահելու եղանակով «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նախնական դիտավորությամբ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ին ոսկու ստանդարտացված ձուլակտորների առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել 156.929.500 ՀՀ դրամ արժողության 7 ստանդարտացված ձուլակտոր, որոնցից 4-ը կնոջ միջոցով փոխանցել է «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերության տնօրինությանը: Այնուհետև՝ նույն օրը՝ ժամը 16:34-ին, առանց կատարելու մյուս 3 ստանդարտացված ձուլակտորների՝ 67.255.500 ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը, վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Հայաստանի Հանրապետությունից՝ «Վաղարշ և Որդիներ» ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 67.255.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

2012թ. նոյեմբերի 28-ին ՍՊ ընկերության տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:

2019թ. հունիսի 11-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: 2020թ. փետրվարի 27-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: