Ոստիկանների կողմից մահակներով և հակագազով ցուցմունք կորզելու փաստով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, երկու ոստիկանի մեղադրանք է առաջադրվել, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից` հավելելով: Գործը հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջորդությամբ:

Ըստ ՀՔԾ-ի՝ հիմնավորվել է, որ Երևանի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած անձը և նույն բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը զբաղեցրած անձը, խմբով, դիտավորությամբ կատարել են բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված գործողություններ։

2008-ի նոյեմբերի սկզբին՝ իր աշխատասենյակում, նշված բաժանմունքի պետը նույն բաժանմունքի մի քանի ծառայողների, այդ թվում` ավագ օպերլիազորի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել են հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: ըստ ՀՔԾ-ի դրանից հետո Մարտիրոսյանը հերթական անգամ ուղեկցվել է բաժանմունքի պետի աշխատասենյակ, որտեղ բաժանմունքի պետը, օպերլիազորը և այլ ծառայողների նրան գցել են գետնին, գլխին հագցրել հակագազ և ձեռքերով ու մահակներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար բաժանմունքի պետին և օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը (պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով)։