Լիբանանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ մայիսի 4-ին լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերությունն իրականացնելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ, որով Հայաստան են տեղափոխվելու ՀՀ քաղաքացիները, իսկ հակառակ ուղղությամբ՝ Լիբանանի հպատակները: Գրում է «Հետք»-ը։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով նոր տիպի կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները, հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչեւ ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել «Middle East Airlines» ընկերության գրասենյակներից:

Դեսպանությունը հիշեցրել է նաեւ, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:

Նկատենք, որ այս ավիաընկերությունը մինչեւ կորոնավիրուսի տարածումը իրականացնում էր Բեյրութ-Երևան-Բեյրութ կանոնավոր թռիչքներ:

Այս օրերին, երբ, բացի բելառուսական «Բելավիա» ընկերությունից (վերջինս շարունակում է կանոնավոր հաղորդակցությունը Մինսկի ու Երևանի միջեւ), «Զվարթնոց» օդանավակայանն ընդունում ու ճանապարհում է միայն հատուկ չվերթներ (ուղևորափոխադրող և բեռնափոխադրող), վերջինիս չվացուցակից տեղեկանում ենք, որ վաղը՝ ապրիլի 29-ին, Երեւան են ժամանելու սիրիական «Cham Wings» (Դամասկոսից) և իրաքյան «Iraqi Airways» (Բաղդադից) ավիաընկերությունները, որոնք նախկինում թռիչքներ են իրականացրել դեպի Երեւան:

Հիշեցնենք, որ «Ավիակոմպանիա Արմենիան» ապրիլի 24-ին թռել է Երևան-Էրբիլ-Երևան ուղղությամբ՝ Իրաքից ՀՀ բերելով մեր քաղաքացիներին և Իրաք տեղափոխելով այդ երկրի ներկայացուցիչներին:

«Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղեկալ Գևորգ Խաչատրյանը երեկ «Ֆեյսբուք» սոցցանցում նաև հայտնել էր, որ ավիաընկերությունը նախատեսում է մայիսի 17-ին իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան թռիչքները, որոնցով իրենց երկրներ են տեղափոխվելու բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող անձինք: Նշենք, որ «Արմենիան» մինչև կորոնավիրուսի տարածումը կանոնավոր շահագործել է այս 2 ուղղությունները: Դրանից ելնելով՝ Խաչատրյանը հայտնել էր, որ մարտի և ապրիլի համար արդեն իսկ ավիատոմս ձեռք բերած ուղևորները կարող են դրանք փոխարինել հիշյալ թռիչքների տոմսերով՝ առանց հավելյալ տուգանքի: Հայտնի է նաև, որ այս պահի դրությամբ արտակարգ դրությունը մեր երկրում շարունակվելու է մինչև մայիսի 14-ը: Ըստ Խաչատրյանի՝ արտակարգ դրության երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների առկայության դեպքում թռիչքներն իրագործվելու են ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով միայն: Այդուհանդերձ, ավիաընկերության ներկայացուցչի գրառումն այս պահին հասանելի չէ: