Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, երեկ և այսօր տեղի են ունեցել Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստեր։ Ավելի քան մեկ ամիս առաջ դատարան ներկայացված միջնորդության վերաբերյալ, սակայն, դեռևս որոշում չի կայացվել։ Այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվել է մեկ այլ հերթի։

Օրեր առաջ «Հետք»-ի հետ զրույցում Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանն ասել էր, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, որը, սակայն, մերժվել է։ Դատավորին ներկայացված ինքնաբացարկի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Միհրան Պողոսյանը 2019թ-ի փետրվար ամսին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որով Արտուշ Գաբրիելյանին, նրա աշխատակազմին մեղադրում է հանցագործություն կատարելու մեջ, ուստի, ըստ Պողոսյանի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի կարող անկաշկանդ լինել իր հանդեպ։ Նշենք, որ Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդմամբ պնդել և այժմ էլ պնդում է, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդության գործին, որը քննվել է իր բացակայությամբ, դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, կեղծ փաստաթուղթ է կցվել։ Ըստ պաշտպանի՝ գործին կցված «հեռախոսագիր» վերտառությամբ փաստաթղթում ներկայացված է, որ դատարանի աշխատակազմը փորձել է կապվել փաստաբանի հետ, սակայն Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։

Արտուշ Գաբրիելյանը, սակայն, վերը նշված քրեական գործի հիմքով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է։

Նույն քրեական գործը վկայակոչելով՝ Մինասյանի պաշտպանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նաև դատավորի նիստերի քարտուղարին, սակայն այս միջնորդությունը նույնպես մերժվել է։

Այսօրվա դատական նիստի ընթացքում Միքայել Մինասյանի պաշտպանները բացարկ են հայտնել նաև գործով դատախազին, միջնորդությունը կրկին մերժվել է։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում է քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018թ-ին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020թ-ի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։