«Առաջին լրատվական»-ի եթերում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ կորոնավիրուսը կրթական համակարգը ռենտգենի ենթարկեց. բացահայտվեցին մի շարք խնդիրներ.

«Աշակերտների 15-20 տոկոսը խնդիրներ է ունեցել՝ կապված հեռավար ուսուցման կազմակերպման հետ, և նախարարությունը որոշեց սահմանափակվել մինչև այս տարվա մարտի 13-ն ունեցած գնահատականներով և դրա հիման վրա իրականացնել տարվա ամփոփումները: Եթե որևէ երեխա երկրորդ կիսամյակում գնահատական չի ունեցել, տարեկան գնահատականի ամփոփման համար կարող է հիմք ծառայել առաջին կիսամյակի գնահատականը: Ըստ այդմ՝ 4-10 գնահատականներ ստացած աշակերտները կփոխադրվեն հաջորդ դասարան»,- ասել է Անդրեասյանը:

Նա հայտնել է, որ անբավարար գնահատականներ ունեցող երեխաների համար ուսուցիչները կկազմեն անհատական ուսուցման պլան՝ ելնելով այն ծավալից, որը բաց է թողնված, և հեռավար քննության միջոցով կկարողանան գնահատել այդ աշակերտներին՝ անկախ նրանից, թե քանի առարկայի պարագայում են ունեցել այդ խնդիրը:

«Փոփոխությունները պետք է դիտարկել որպես հնարավորություն դպրոցներում առկա խնդիրները բարելավելու համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: