Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է տաքսի ծառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարել։

Նման նախագիծ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար լիցենզավորման պետական տուրքի մասով հավասար պայմաններ ստեղծել. մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար կսահմանվի լիցենզիայի տարեկան տուրք 100000 դրամ:

Նշենք, որ այժմ Հայաստանում 46 ընկերություն ծառայություն է մատուցում 1-4 ավտոմոբիլով և լիցենզիայի համար տարեկան վճարում 100000 դրամ պետական տուրք, իսկ 67-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Իսկ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումների համար լիցենզիայի պետական տուրքը հանվել է:

Նախարարությունը միաժամանակ առաջարկում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը։ Ըստ նախարարության՝ այդ ոլորտը փաստացի դուրս է մնում վերահսկողությունից, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ, որոնք ունեն հարկային պարտավորություններ: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն, իսկ ոլորտում գործունեություն իրականացնողներին օրինական դաշտ բերելու նպատակով, պատվերների փոխանցումը կատարել միայն լիցենզավորված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Ոլորտում անվտանգության և ուղևորների սպասարկման որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել դրույթներ վարորդների առողջական վիճակի և վարորդական վկայականների ուժի մեջ գտնվելու վերաբերյալ:

«Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը»,-նախագծում նշել է նախարարությունը։

Ըստ նախատեսվող փոփոխության՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլների համար նախատեսված կանգառներ չեն կարող տեղակայվել միջմարզային կանոնավոր երթուղիների սկզբնակետերը և վերջնակետերը սպասարկող ավտոկայարանների, ավտոկայանների և երթակարգավարական կետերի տարածքներում:

Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպություններն ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:

«Օրենսդրական փաթեթով պետական տուրքի մասով հավասար պայմաններ կստեղծվեն տաքսի ծառայություններ մատուցողների համար:

Կկանոնակարգվի էլեկտրոնային հարթակներով տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա ոլորտի վերահսկողության մակարդակը, անվտանգությունն ու սպասարկման որակը: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները»,- ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։