Կառավարության ապրիլի 30-ի հերթական նիստը մեկնարկեց կորոնավիրուսի մասին տվյալների հաղորդմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախորդ օրը նոր դեպքերի շատ մեծ թիվ ենք ունեցել և հարցրել փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ արդյոք նոր փաստերը փոխում են պլանները, թե՞ շարունակում են որդեգրած պլաններով գնալ առաջ։

«Կարծում եմ՝ դեռևս չեն փոխվում մեր պլանները, որովհետև, ընդհանուր առմամբ, շրջանակը կոնկրետ է։ Այնուամենայնիվ, վարակի տարածման դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել։ Մոտակա օրերի թվերը, նաև դրական դեպքերով անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու։ Այս պահի դրությամբ մենք գնում ենք այն տրամաբանությամբ, որ մայիսի 4 -ից էականորեն փոփոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, և էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ։ Շարունակելու է փակ մնալ ամբողջ կրթական համակարգը։ Դեռևս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտում և մի քանի այլ ոլորտներում։ Վերագործարկվելու են մշակող արդյունաբերության, որոշ տեսակի խանութներ, և այս առումով փոփոխություններ չունենք»,- հայտնել է փոխվարչապետը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաշվի առնելով զբոսանքի դուրս գալու հնարավորությունը՝ երեկ ընտանիքի հետ դուրս է եկել զբոսանքի և շատ մարդկանց է տեսել փողոցում։

«Շատ դժվար է լինելու, որովհետև, ըստ էության, մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում։ Եթե մենք, այնուամենայնիվ, չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլև քաջալերել նրանց և հասնել նրան, որ այդ կանոնները պահպանվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու, որովհետև ես քայլում էի, և մարդիկ նույնիսկ խմբերով կանգնած զրուցում էին իրար հետ։ Եթե էդտեղ մի վարակված լիներ, ակնահայտորեն էդ 10-15 հոգին միանգամից վարակվելու էին։ Հետևաբար, մենք պետք է հասկանանք՝ ինչու ենք գնում էսպիսի քայլերի՝ առանց համաճարակի հաղթահարման։ Սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ նրա համար, որ կարծում եմ՝ ակնհայտ է՝ մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր։ Հետևաբար, չենք կարող մի տարի փակված ռեժիմով ապրել»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի մեր մեծագույն խնդիրը տնտեսվարողների, անհատ քաղաքացիների, երեխաների, մեծահասակների, միջին տարիքի մարդկանց վարքագծային նոր կանոնների հաստատումն է, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել․

«Եթե իմամանանք ևս մի ամիս փակվելու ենք, և վարակն այլևս չի լինելու, այո, կարող ենք ասել մի ամիս էլ փակված լինել։ Բայց փաստն այն է, որ հստակ գիտենք, որ էտ մի ամսում ոչինչ տեղի չի ունենալու, որ մեզ թույլ տա լիարժեք վերադառնալ նախկին կյանքին։ Մեր բոլորի ամենամեծ մարտահրավերն է այս իրավիճակում ապրել բնականոն սոցիալ-տնտեսական կյանքով»։

Ավինյանը նշել է, որ բոլոր միջոցառումների հիմնական նպատակը առաջին հերթին առողջապահական համակարգի կարողությունների պատշաճ մակարդակի հասցնելն էր, և ըստ պարետի, այս փուլում այդ խնդիրը լուծված է։

«Եթե տեսնենք, որ այս մեղմացումների քաղաքականությունը, որը մենք վարում ենք բերում է վտանգավոր հետևանքների և վարակի տարածման արագությունն ու տեմպը աճում է այն աստիճան, որ մենք մտավախություն ունենանք, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, կարծում եմ, որ միանշանակ ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ։

Շատ կարևոր է, որպեսզի այն կանոնները, որոնք հաստատվում ենք, խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից։ Եթե որևէ մեկը վարակվեց որևէ մի տնտեսվարողի մոտ, ավտոմատ կերպով այդ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվելու է։ Այս կանոնները բոլորի շահերից են բխում, պետք չէ լինել անվախ»,- նշել է Տիգրան Ավինյանը։