Կառավարությունը բարելավել է գյուղատնտեսության ոլորտում վարկերի տրամադրման կարգը, որպեսզի վարկային գործիքներն իրենց նպատակին ծառայեն արդյունավետ եղանակով և կիրառվեն ավելի մեծ չափով ֆերմերային գյուղատնտեսության մեջ, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ ֆերմերային գյուղացիական տնտեսությունների կողմից հատկապես պահանջված է վարկային՝ 3-15 մլն դրամ ծավալով ֆինանսական աջակցությունը, որի առանձնահատկությունն այն է, որ գյուղացիական տնտեսությունը չի սահմանափակվում տնտեսվարման ոլորտի ընտրության մեջ։ Ըստ այդմ, որոշ փոփոխություններ են մտցվել գյուղացիական տնտեսությունների վարկավորման շրջանակն ընդլայնելու նպատակով։

Փոփոխություններից առաջինն այն է, որ եթե վարկային միջոցները պետք է օգտագործվեն տավարաբուծության նպատակով, ապա առավելագույն 15 մլն դրամի փոխարեն կիրառվելու է 50 մլն դրամ սահմանաչափ։ Փոփոխությունը վերաբերում է ոչ թե տոհմային, այլ սովորական անասնաբուծությանը։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ոչխարաբուծությանը. այդ դեպքում առաջարկվում է 15 մլն դրամ առավելագույն վարկավորման դեպքում սահմանել 30 մլն սահմանաչափ։ Ֆիզիկական անձինք ոչխարաբուծության դեպքում կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման հնարավորությունից, իսկ ծրագրի շրջանակում վարկավորման որոշում կայացրած առևտրային բանկին կառավարությունը կհամաֆինանսավորի 30%-ով։

Խաչատրյանը նաև նշել է, որ 100 մլն դրամը չգերազանցող լիզինգային վարկավորման դեպքում հնարավորություն կլինի 10 մլն դրամի չափով համաֆինանսավորման հնարավորությունից օգտվել։

Փոփոխություններ կան նաև այգեգործության նպատակով տրամադրվող վարկավորման միջոցների համար։ Մինչ այժմ վարկավորման գործիքը կիրառվել է միայն ինտենսիվ այգեգործության դեպքում, այս պարագայում՝ ավանդական ծիրանի կամ, օրինակ, դեղձի այգի տնկելու դեպքում՝ մայր գումարի վերադարձի համար կսահմանվի 4 տարի ժամկետ։

Խաչատրյանի խոսքով ՝ մինչև նոր այգետնկման աշխատանքների մեկնարկը ծրագրի նախապատրաստական աշխատանքները կիրականանան։

Նախարարը նաև հայտնել է, որ տոհմային անասնաբուծությամբ զբաղվող այն տնտեսությունները, որոնք ունեն խելացի անասնաշենքի պահանջներին բավարարող պայմաններ, իրավունք կունենան Կառավարության կողմից առաջարկվող 30% համաֆինանսավորման հնարավորությունից օգտվել։

Խաչատրյանը նշել է նաև որ անցյալ վարկային կամ հարկային պատմության ապացույց կարող է չբերել գյուղատնտեսական կոոպերատիվը, եթե ստեղծվել է ավելի շուտ, քան նախորդ մեկ տարին:

Վարչապետը նշել է, որ վարկավորման ծրագրերում փոփոխություններ են իրականացվել գյուղացիական տնտեսությունների հետ քննարկելուց հետո։ Տնկարանային տնտեսությունների զարգացման քննարկում ևս կա, սակայն, նախ կստեղծվի տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ։