Երևանի ավտոկայանատեղիներն ու տեսանկարահանող սարքավորումները վերահսկող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության հիմնադիրն ու տնօրենը, կեղծ փաստաթղթեր կազմելով ու պաշտոնեական դիրքը չարաշահելով, հափշտակել են մոտ $1.6 մլն։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ-ին հանրությանը ներկայացվել է, թե ընկերության սեփականատերն այն «նվիրում» է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ իրականում վաճառել է:

«Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրենն ու սեփականատերը կազմել են 10.02.2013թ-ի թվագրմամբ կեղծ փոխառության պայմանագիր, որի համաձայն` փոխատուն՝ Բելիզում գրանցված ՍՊ ընկերությունը, իբր պարտավորվել է փոխառուին՝ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ $1.9 մլն-ի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով: Իսկ 30.05.2017թ. որոշմամբ Երևանի քաղաքապետարանը «Փարքինգ Սիթի Սերվիսին» է հատկացրել $3․3 մլն գումար՝ իբր վարկային պարտավորությունը մարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է նաև, որ «Փարքինգ Սիթի Սերվիսի» փոխառությունն իրականում կազմել է $2 մլն՝ առանց տոկոսի, բայց ընկերությունը $3.5 մլն է ստացել քաղաքապետարանից:

ՔԿ-ից հայտնում են, որ հանցավոր գործակցության արդյունքում Երևան համայնքից հափշտակվել է մոտ $1.6 մլն:

«Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Նրա նկատմամաբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը մերժվել է, դատարանը կիրառել է գրավ՝ 70 մլն դրամի չափով և ստորագրություն չհեռանալու մասին: