Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունից շնորհավորանքներ եղան լրագրողական համայնքին։ Իհարկե, շնորհակալ ենք։ Բայց, երբևէ որևէ մեկդ հետաքրքրվե՞լ է՝ ինչու են հեղափոխությունից 2 տարի անց անպատիժ մնում լրագրողներին ծեծի ենթարկած, նռնակներով պայթեցրած ու ահաբեկած հանցավոր տարրերը։

Քանի որ չեք հետաքրքրվել, մի տվյալ բերեմ՝ «Էլեկտրիկ Երևանի» ու Սարի թաղի գործերով մոտ 40 լրագրող տուժողի կարգավիճակ ունի, ու գործերը քնած են ՀՔԾ-ի դարակներում։ Ոչ մի տեղաշարժ. հանցագործներն ազատ շրջում են, իշխանությունն էլ վստահում է քննիչների զեկույցներին, լրիվ նույն ոճով, ինչ արդեն իսկ պլստացած ձկների ու մկների պարագաներում։

Էս ամենի վերջը գիտե՞ք որն է լինելու, հարգելի՛ իշխանություն, որ Եվրոդատարանը մեր պետության դեմ որոշումներ է կայացնելու, կլորիկ գումարներ գանձի, ու դրանում ոչ թե նախկիններն են մեղավոր լինելու, այլ՝ դուք, որ չեք կարողացել ՀՔԾ-ի քննիչներին թափ տալ ու արդյունավետ աշխատանք պահանջել։

Պետության կողմից լրագրողների իրավունքների՝ մինչ օրս շարունակվող ոտնահարումները տեղ են գտնում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ Հայաստանին վերաբերող զեկույցներում։ Բնական է, դրական ձեռքբերումների կողքին սա դիտարկվում է իբրև պետության պոզիտիվ պարտականության չկատարում՝ իր բոլոր հետևանքներով։

Ընտրությունը ձերն է, մենք մի կերպ յոլա կգնանք։ Հեռու չեն ՄԻԵԴ-ից սպասվող որոշումների օրերը»։