Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր են գրանցվել։

«Դժբախտաբար, նման դեպքեր գրանցվել են, այդ թվում նաև՝ Հայաստանում։ Նման դեպքերը մեզ մոտ այս պահին երեքն են, նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց դուրսգրումից ավելի քան երկու շաբաթ հետո վիրուս է հայտնաբերվել, նորից իզոլացրել ենք, որպեսզի այլ անձանց վարակելու հավանականությունը կանխարգելվի», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա նկատել է, որ հիմա ակադեմիական մեծ դեբատ է ընթանում և ամեն օր թարմ տվյալներ են ստանում, թե արդյոք դա կրկնակի վարակ է, թե օրգանիզմում եղել է վիրուսի ապակտիվացում, հետո նորից ակտիվացել է։ Ավելի հավանական է, որ առկա է լինում վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն հյուսցածքներում՝ երբ վիրուսը չի բազմանում, սակայն նրա ՌՆԹ-ն մնում է բջիջների մեջ։