Առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների արգելվում է: Այդ մասին ասվում է մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման անվտանգության կանոններին առնչվող պարետի որոշման մեջ։

Ըստ որոշման՝ թույլատրվել է մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները:

Առևտրի օբյեկտներում աշխատող անձնակազմի այն անդամները, որոնք ուղղակի շփում ունեն հաճախորդների հետ, պարտադիր պետք է կրեն դիմակ և ձեռնոց: Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

Մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների անձնակազմի համար նախատեսված կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը պետք է չափվի օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ։

Պետք է ապահովված լինեն պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

Անվտանգության կանոնների ուղեցույցում ասվում է, որ առևտրի կենտրոնների ղեկավարությունը պետք է բացառի մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովի մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք, մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը։ 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն։

Վճարման, վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ գծանշում պետք է իրականացվի՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքները պետք է ախտահանվեն 2 ժամը մեկ պարբերականությամբ: Տարածքը պարտադիր պետք է օդափոխվի։ Ցանկալի է իրականացնել տարածքի բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով: