2020թ-ի մայիսի 1-ից ՀՀ-ի արդարադատության նախարարության «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկները ևս միացան «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սննդի ապահովման՝ դեռևս 2019թ-ից մեկնարկած նոր համակարգին, որի արդյունքում հիշյալ ընկերությունն արդեն իսկ սննդով ապահովում է 12 քրեակատարողական հիմնարկներից 9-ին: Այս մասին հաղորդում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Սննդի ապահովման գործընթացը 2019թ-ի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին: 2020թ-ի մարտից այն ներդրվեց նաև «Աբովյան», «Գորիս», իսկ ապրիլից «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում:

Մինչև 2020թ-ի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

Ըստ տարածված հաղորդագրության՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սնունդն իր մեջ ներառում է նախաճաշը, ճաշը և ընթրիքը, պատրաստվում է քրեակատարողական հիմնարկների տարածքում ամեն օր և մասնագիտացված խոհարարների կողմից: