Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիո երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես են եկել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացված Ռեքվիեմի կատարմամբ: Համերգի կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։

Միջոցառմանը մասնակցում էին Լատվիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Զբիգնիև Ստանկևիչյուսը, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային ականավոր գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Համերգին ներկա շուրջ 600 հոգանոց հանդիսատեսը հոտնկայս է ընդունել բարձր կատարողականությամբ օժտված Ռեքվիեմի մեկնաբանությունը: Համերգի ընթացքում հնչել են նաև կատարումներ Կոմիտասի խմբերգերից։

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Ադրբեջանում իրենց կյանքը կորցրած Սումգաիթի անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառումը լուսաբանվել է լատվիական մամուլում: