Հայաստանում հակաբակտերիալ ախտահանիչ միջոցները, որոնք ընդունված է անվանել «ալկոգել», ոչ միայն չեն վերահակվում, այլև դիտարկվում են որպես կոսմետիկ միջոց, փորձաքննվում են սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Դրանք գրանցման հայտարարագիր են ստանում «կեղծ ընթացակարգերով»՝ մեծ մասամբ փորձաքննվելով Էկոնոմիկայի և ԱՆ-ի ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։ Արտակարգ դրության օրերին այդ լաբորատորիաներն ակտիվորեն «սերտիֆիկատ» են տրամադրել պարտադիր պետական գրանցման ենթակա ախտահանիչ հակաբակտերիալ միջոցներին։

Ապրանքները գրանցվում են որպես կոսմետիկ միջոց, որոնց փորձաքննության համար լաբորատորիաները չեն ապահովում գոնե դրանց համար սահմանված պահանջների կատարումը։

Դեռևս մարտ ամսին, երբ Հայաստանում հաստատվեցին կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր, որոշ բժշկական պարագաների և ձեռքերի ախտահանիչ միջոցների դեֆիցիտ գրանցվեց։ Այդ ժամանակվանից արդեն սկսեցին արտադրել և ակտիվորեն գովազդել «ալկոգել» անունը կրող ախտահանիչ հակաբակտերիալ միջոցներ։ Ընդ որում, արտադրել սկսեցին բոլորը՝ սկսած մեքենաների նյութեր վաճառող ընկերություններից, վերջացրած «գինու և կոնյակի տնից»։

Միայն 2020թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 8-ը Հայաստանում գրանցվել է 65 հակաբակտերիալ (58) և ախտահանիչ (7) միջոց (վերջին գրանցումը եղել է ապրիլի 8-ին) ։ Համեմատության համար, 2016-2020թթ-ին Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 71 հակաբակտերիալ և ախտահանիչ միջոց։

Այս ապրանքների մեծամասնությունը՝ 49-ը (4-ը՝ որպես ախտահանիչ) փորձաքննվել են էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ում, 9-ը (1-ը որպես ախտահանիչ)՝ ԱՆ-ի ենթակայության տակ գտնվող «Ակադեմիկոս Ս Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտ»-ի լաբորատորիայում։

Մնացած 7 փորձաքննություններն իրականացրել են «Էմ Ջի Էքսպերտ» (3 փորձաքննություն), «Նարեկ» ՓԲԸ (2), «Սերտիֆիկացում և որակ» ՍՊԸ (2) գնահատման մարմիններում։

Արտադրանքի համապատասխանության հավաստագրերը տրվել և փորձաքննություններն իրականացվել են ընդամենը 1 օրում։

Բոլոր 65 արտադրանքները փորձաքննվել են ոչ թե իբրև ախտահանիչ միջոց, այլ որպես խնամքի կոսմետիկ միջոց՝ համապատասխան ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» ստանդարտների։ Հակաբակտերիալ ախտահանիչ միջոցները ներառվել են 3304 ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեություն) կոդի տակ՝ որպես «կոսմետիկ դիմահարդարման այլ միջոցներ և մաշկի խնամքի միջոցներ»։