Գերմանիայում ուժի մեջ է մտել սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլը, որը COVID-19 կորոնավիրուսի պատճառով հայտարարվել էր մարտի կեսերին։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 4-ին, դաշնային մի շարք հողերում թույլատրվել է վերականգնել վարսավիրանոցների աշխատանքը, հարյուր հազարավոր դպրոցականներ վերադարձել են դպրոց, իսկ եկեղեցիները, մզկիթները և սինագոգները կրկին սկսել են գործել։ Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն։

Երկրի բազմաթիվ քաղաքներում բացվել են նաև թանգարանները, ցուցասրահները, կենդանաբանական և բուսաբանական այգիները։ Սաքսոնիա-Անհալթ հողում թույլատրվել են մինչև հինգ մարդու հանդիպումները՝ պահպանելով մինչև 1,5 մետր սոցիալական հեռավորություն, ինչը, մասնավորապես, թույլատրում է իրականացնել կրթամշակութային որոշակի գործունեություն։ Մյուս 15 հողերում պահպանվել է երկու մարդուց ավելի հավաքների արգելքը։

Մի շարք հողերում, մասնավորապես՝ Սաքսոնիա-Անհալթում, Թյուրինգիայում և Ռենյլանդ-Պֆալցում, թույլատրվել է բոլոր խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը՝ անկախ առևտրային տարածքի մեծությունից։ Սահմանափակող միջոցների թուլացումը զուգորդվում է հիգիենայի կանոնների և սոցիալական հեռավորության խիստ պահպանմամբ, որի նպատակն է կանխարգելել կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման երկրորդ փուլը։

Ամբողջ երկրում մանկապարտեզների, դպրոցների և սպորտային ակումբների ու միավորումների աշխատանքի, այդ թվում՝ Բունդեսլիգայի ֆուտբոլային հանդիպումների վերականգնումը կորոշվի մայիսի 6-ին։ Մեղմացման հաջորդ քայլը կլինի ռեստորանների, սրճարանների և հյուրանոցների բացման հարցը։

Սահմանափակումների մեղմացման առաջին փուլը մեկնարկել Էր Զատկի արձակուրդներից հետո։ Ապրիլի 20-ից վերականգնվել է մինչև 800 քառակուսի մետր տարածք ունեցող խանութների աշխատանքը։ Հանրախանութների առավել մեծ մասնաճյուղերը, առևտրի կենտրոնները մեծամասամբ դեռ փակ են։ Կահույքի խանութները բացվել են միայն Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա հողում։ Անկախ առևտրային տարածքից, բացվել են գրախանութները, ավտոսրահները և հեծանիվների վաճառքի ու վերանորոգման խանութները։