Երեկ «Այբ» դպրոցում անցկացվեց վարպետության դաս, որի շրջանակներում հյուրընկալվել էին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ՝ «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանին և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանին։ Այս մասին հայտնում է «Ռոստելեկոմ» ընկերությունը։

«Ռոստելեկոմ»-ի ղեկավարը վարպետության դասի ընթացքում հյուրերի հետ կիսվել է հաջողության իր բանաձևով՝ ներկայացնելով ՏՀՏ ոլորտում շուրջ 20 տարվա կուտակած իր փորձառությունը, բիզնեսի ստեղծման ու առաջխաղացման, հաջողության հասնելու ճանապարհին առկա դժվարությունները հաղթահարելու հմտությունները։

«Նախքան որևէ գործ սկսելը յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ դերակատարում է ցանկանում ունենալ՝ լինել վարձու աշխատակից, թե՝ հիմնադիր, և պատկերացնի սեփական տեղը համակարգում։ Յուրաքանչյուր կառավարիչ, գործարար հասնում է հաջողության` օգտագործելով սեփական մեթոդները, ունենալով սեփական երազանքներն ու տեսլականը և, եթե նայենք աշխարհի ամենահաջողակ գործարարների օրինակներին, ապա կարելի է նկատել, որ նրանցից յուրաքանչյուրն իր հաջողության կերտողն է, իր իսկ ուրույն ուրվագծով։ Դա է պատճառը, որ պետք է բաց լինել նորարարությունների և նորամուծությունների համար անկախ գործունեության ոլորտից ու տեսակից»,- նշել է Հայկ Ֆարամազյանը։

Սեփական ընկերության զարգացման հերթական փուլերում անհրաժեշտ է ձևավորել բիզնեսի զարգացման իրատեսական ու կշռադատված ռազմավարություն, ձևավորել վստահելի և պրոֆեսիոնալ անձնակազմ, ստեղծել պայմաններ նրանցից յուրաքանչյուրի համար, որպեսզի աշխատակիցներն իրենց հարմարավետ զգան ընկերության էկոհամակարգում:

Խոսնակի կողմից մատնանշված հաջորդ կարևոր փուլերից մեկը՝ կայունացման գործընթացն է, որի ընթացքում անհրաժեշտ է չկորցնել իրականության զգացումը, երբ ամեն ինչ լավ է, և անընդհատ ընդլայնվելուն չձգտել, քանի որ ընկերությունը կարող է անդունդում հայտնվել՝ տարված խոշորացման ու զարգացման մոլուցքով: