Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Մինասյանը, հիշեցնենք, գտնվում է հետախուզման մեջ։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջով պարբերաբար տեսանյութեր է հրապարակում ու անդրադառնում իր վերաբերյալ քրեական գործին ու Հայաստանի իշխանությունների գործելաոճին։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է 2018թ-ին, Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020թ-ի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Նրան կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 23-ին, իսկ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել երեկ՝ մայիսի 5-ին, այսինքն՝ միջնորդությունը ստանալուց ավելի քան 40 օր անց։