ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է վերականգնել կամ նորովի կառուցել փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի տունը Գյումրիում։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ մայիսի 5-ին ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև այդ նախաձեռնությունը։

Նախագահը նշել է, որ նախատեսվում է ստեղծել մշակութային ինքնատիպ միջավայր, որտեղ կտիրեն Գյուրջիևի «ստեղծագործական ոգին, արժեհամակարգն ու նրա անտեսանելի ներկայությունը»։

Սարգսյանն ասել է, որ այն ընդգրկված կլինի հանգստի ու ժամանցի ընդարձակ գոտու տարածքում, որի առանցքը կլինի Գյուրջիևի տունը։ Նախագահը հույս է հայտնել, որ Սաշուր Քալաշյանի մասնագիտական օժանդակությունն էապես կնպաստի նախաձեռնությունը կյանքի կոչելուն։