Ապրիլին պարենային որոշ ապրանքներ Հայաստանում կտրուկ թանկացել են, իսկ բենզինն ու դիզվառելիքը՝ զգալի էժանացել։

Այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. ապրիլը 2019թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 0.9%: Մարտի համեմատ ևս գնաճը կազմել է 0.9%։ Չնայած սա չի համարվում բարձր գնաճ, սակայն երբ որոշ պարենային ապրանքներ դիտարկում ենք առանձին, ապա տեսնում ենք, որ էական թանկացում է գրանցվել այդ ապրանքների շուկաներում։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Իսկ այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ սպառողական շուկայում գրանցվել է 0.1% գնաճ։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) այսօր հրապարակած տվյալներից, այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում։ Սակայն, 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.8% գնաճ:

Մարտի համեմատ էական թանկացում է նկատվել կարագի, ձեթի, ալյուրի, բրնձի, ոլոռի, ոսպի ու մակարոնեղենի շուկայում։ Թանկացման տեմպով «բացարձակ առաջատարը» ոսպն է։

Այսպես, ապրիլին մարտի համեմատ՝ կարագի գինն աճել է 2.9%-ով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը ՝6%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով:

Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում ձավարինը՝ 6.5%-ով, հնդկաձավարինը՝ 19.3%-ով:

Մրգի ապրանքախմբում այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ արձանագրվել է 9.2% գնաճ, իսկ այս տարվա մարտի համեմատ` 8.3% գնաճ:

2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 7.4% գնաճ, այդ թվում, շաքարավազի գնաճը կազմել է 9%։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 4.2% գնաճ:

Ձվի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 19.8% գնաճ:

2020թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ՝ արձանագրվել է 6.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.7% գնանկում:

Ոչ պարենային ապրանքներ

Այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.1%, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:

Ապրիլին մարտի համեմատ մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 0.6%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.9%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 1%-ով, հագուստինը և տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 5.2%-ով:

Բենզինը մարտի համեմատ՝ 17.1% էժանացել է

Ըստ Վիճկոմիտեի հաշվարկների՝ այս տարվա ապրիլին մարտի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է բենզինի 17.1% էժանացում։ Դիզելային վառելիքն էլ էժանացել է 9.2%-ով։

Իսկ 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ՝ բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար նվազել են 21.5% և 17.0%-ով։