Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը պարտադիր պետք է կյանքի կոչվի, Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է` եթե կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այս ճգնաժամի պայմաններում լիներ այդ մեխանիզմը, դա կօգներ ավելի հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը։

«Եթե ունենայինք այդ մեխանիզմը, դա կօգներ մեզ գտնելու այն բաժանորդին, որն օգնության կարիք ունի։ Այդ համակարգի շնորհիվ հստակ կտեսնեինք, թե ովքեր ինչ եկամուտ ունեն։ Կտեղեկանայինք, թե ում ամսական եկամուտն է մինչև 50,000 դրամ, ումը՝ 100,000, 500,000 կամ 1 մլն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ մի գործիքի կիրառմամբ շատ հարցեր կլուծվեին։

Նա ասել է նաև, որ նման համակարգի բացակայության պայմաններում սոցաջակցության ծրագրերից օգտվում են մարդիկ, ովքեր դրա կարիքը չունեն։