Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։ Այս մասին փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ժողովին ներկայացվեց կարիքավոր ընտանիքներին ի նպաստ Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։

Ըստ այդմ՝ մարտի 13-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288 միլիոն ՀՀ դրամ։

ա Սոցիալական ոլորտ

Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 134․400․000 (հարյուր երեսունչորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։

1․ 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին,

2․ 100․600․000 (հարյուր միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումար հատկացվել է պարենային ծրագրին։ Հայոց Եկեղեցու կողմից այս շրջանում պարենային սննդի փաթեթներ են բաշխվել շուրջ 3828 ընտանիքի (17563 անձ), այդ թվում՝

- Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական հինգ ճաշարանների 900 շահառուների,

- Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցաբար 268 ընտանիքի,

- Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով՝ 3327 ընտանիքի,

- Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչության միջոցով՝ պրոբացիայի ծառայության 100 շահառուների ընտանիքների և նախկին դատապարտյալների 14 ընտանիքի,

3․ 13․800․000 (տասներեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի աջակցություն է ցուցաբերվել թեմերում սպասավորող քահանաների ընտանիքներին։

բ Առողջապահական ոլորտ

30.600.000 (երեսուն միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամի ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ու պարագաներ և փոխանցվել ՀՀ Առողջապահության նախարարությանը։

գ Կրթական ոլորտ

1․ 83.000.000 (ութսուներեք միլիոն) ՀՀ դրամով ձեռք են բերվել 1600 պլանշետներ հեռավար կրթությանն աջակցելու նպատակով։ 1300-ը տրամադրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան բաշխման համար, 300 պլանշետ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից հատկացվել է «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաներին։

2․ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ հատկացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշակերտների և մանկավարժների Հայաստան փոխադրության կազմակերպման համար։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև համավարակի հաղթահարմանն ուղղված նոր ծրագրերի հնարավորությունները։