Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա` ոստիկանության Թումանյանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ալավերդի քաղաքի Կիրովի փողոցի շուրջ 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող տարածք և ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ-ին: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես, պարզվել է, որ Ալավերդի քաղաքից դեպի Մադան բնակավայր տանող Կիրովի փողոցը 2001թ. պետական գրանցում է ստացել որպես համայնքային սեփականություն և կառավարության համապատասխան որոշմամբ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում:

Մինչդեռ նման պայմաններում, ըստ դատախազության՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, առերևույթ չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, գործով դեռևս չպարզված ժամանակահատվածում, նշված փողոցի մի մասի նկատմամբ գրանցել են «Վալլեքս Կապիտալ» ՓԲ ընկերության իրավունքը, որի արդյունքում համայնքը զրկվել է իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, իսկ համայնքի բնակիչները՝ փողոցով անարգել երթևեկելու հնարավորությունից՝ նկատի ունենալով նաև, որ փողոցի այդ հատվածում տեղադրվել են ենթևեկությունն անհնարին դարձնող մետաղական կոնստրուկցիաներ: Դրանով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին և իրավունքներին:

Միաժամանակ, Ալավերդի համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով այդ ամենի, փողոցի այդ հատվածում առանց թույլտվության մետաղական կոնստրուկցիաներ տեղադրվելու, ինչպես նաև համայնքապատկան հողամասերի` դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան չօգտագործելու հանգամանքների մասին, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում որևէ միջոց չեն ձեռնարկել ճանապարհի հողամասի ինքնակամ զավթումը, դրանց վրա առանց թույլտվության տեղադրված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նշվածի փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: