Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի իշխանությունները պայմանավորվել են մայիսի 15-ից բացել ներքին սահմանները։ Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։

Այլ երկրներից Բալթյան պետություններ ժամանողները, ներքին սահմանների բացվելուց հետո, պարտավոր կլինեն 14 օր շարունակ գտնվել ինքնամեկուսացման ռեժիմի մեջ, հավելել է Կարինշը։

Մայիսի 6-ի տվյալներով Լատվիայում կորոնավիրուսային ինֆեկցիա է հայտնաբերվել 900 անձանց մոտ։ 17 մարդ մահացել է, 464-ը՝ ապաքինվել։ Լիտվայում COVID-19 կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1428-ի, 48 մարդ մահացել է, 718-ը՝ ապաքինվել։ Էստոնիայում էլ հիվանդությունը հայտնաբերվել է 1713 անձանց մոտ, 55 պացիենտներ մահացել են, 264-ը՝ ապաքինվել։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան իրենց սահմանները փակել էին մարտի կեսերից։