ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020թ-ի հաստատված բյուջեով նախատեսվում է մոտ 743 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար։

Նա նշել է, որ ընդհանուր գումարից մոտ 464 մլն դրամը նախատեսվում է նախագծահետազոտական ծախսեր իրականացնելու համար, իսկ 278 մլն դրամը՝ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար։

Հարությունյանի խոսքով՝ նախագծով ավարտին են հասցվում 2019թ-ին սկսած գործընթացները․ որոշմամբ նախատեսվում է Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցում, Լոռու մարզի Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցում, Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում։

Նախարարն ուշադրություն է հրավիրել նաև Արմավիրի մարզում ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ կառուցելու նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ստեղծմանը՝ նշելով, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը մարզչի հետ դիմել է ԿԳՄՍՆ՝ համապատասխան մարզադպրոցի կառուցման խնդրանքով։

Նախարարը նշել է, որ մարզում ծանրամարտի հանդեպ հետաքրքրույթունը կարող է զարգանալ՝ հաշվի առնելով արդեն եղած ավանդույթները, և այն, որ 2016-ի Օլիմպիական խաղերից հետո արծաթ ստացած Մարտիրոսյանը կարող է Օլիմպիադայի ոսկի վերցնել (առաջին տեղը զբաղեցրած մարզիկը, հնարավոր է, դոպինգի պատճառով որակազրկվի)։