ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք։ Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը հանրապետություն ներմուծելով էական առևտրային քանակի միրգ, բանջարեղեն՝ այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր։

Ձեռնարկատիրական գործունեության բնագավառում ապրանքների մատակարարման պարտադիր փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովման գործառույթների շրջանակում վարչության աշխատակիցները ստացված տվյալներն իրացնելու նպատակով մշակել և ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2020թ-ի ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծել շուրջ 1500 տոննա միրգ և բանջարեղեն և, առանց հարկային հաշիվներ դուրս գրելու, դրանք ամբողջությամբ մատակարարել է ՀՀ տարածքում գյուղատնտեսական մթերքների առուվաճառքով զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտներին։ Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը, նպատակ ունենալով «մաքրել» շուրջ 1500 տոննա ապրանքային մնացորդը, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19/9 հասցեում գտնվող շինությունն արտաքնապես կահավորել է որպես առևտրի օբյեկտ, ձևականորեն այն համապատասխանեցրել մանրածախ վաճառքի համար նախատեսված տարածքին ներկայացվող պահանջներին, գրանցել հսկիչ-դրամարկղային մեքենա և, առանց նշված հասցեից վաճառքներ իրականացնելու՝ մուտքագրել է շուրջ 97 մլն դրամ գումար և տպել իրականությանը չհամապատասխանող կեղծ կտրոններ։

Արձանագրված իրավախախտման փաստի արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է շուրջ 48.5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին կոչ է անում խստորեն պահպանել ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման՝ Հարկային օրենսգրքով սահմանված պարտադիր պահանջները՝ գնորդ տնտեսվարող սուբյեկտների անվամբ դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր: Միաժամանակ հորդորում է չօժանդակել վերջիններիս միջոցով ստվերային երևույթների առաջացմանը և զերծ մնալ ապրանքային մնացորդները հսկիչ-դրամարկղային կեղծ կտրոնների միջոցով «մաքրելու» արատավոր պրակտիկայից։