Իլհամ Ալիևը փորձել է նացիզմի դեմ հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայերի դեմ իր քարոզչությանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնել հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին։
Նաղդալյանը նշել է, որ հայ ժողովրդի ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին:
«Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք երբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Նա նշել է նաև, որ հայերը հպարտությամբ են հիշում բոլոր հերոսների անունները թե Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե դիմադրության շարժման և թե հետախուզության շարքերում:
«Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության»,- ասել է Նաղդալյանը։