2016-2018 թթ. մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամերիկյան Գլենդել քաղաքում այս տարվա հունվարին ընկերություն է հիմնել, որը կոչվում է «Radio House»: Հիշեցնենք, որ մինչև նախարար դառնալը՝ 1997-2015թթ, Ամիրյանը Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր: Նորաստեղծ ամերիկյան ընկերությունը, համաձայն փաստաթղթերի, զբաղվելու է ժամանցային արտադրանքի թողարկմամբ:

«Radio House»-ի նախագահը, տնօրենը, գործադիր և ֆինանսական պատասխանատուն, ինչպես նաեւ քարտուղարը նույն անձն է՝ Արմեն Ամիրյանը:

Ընկերությունը գրանցվել է նախկին պաշտոնյայի Գլենդելի տներից մեկում, որը գտնվում է Քեմփթոն ռոուդի վրա: Այս գույքի և ընդհանրապես Ամիրյանի ամերիկյան տների մասին 2018թ-ին գրել ենք: Հիշեցնենք, որ 2008 և 2013թթ, երբ դեռ Հայաստանի հանրային ռադիոյի ղեկավարն էր, Ամիրյանը մի քանի միավոր անշարժ գույք է ձեռք բերել Գլենդելում: Դրանցից 2-ը առանձնատներ են, որոնցից Քեմփթոն ռոուդի վրա գտնվողը ձեռք է բերվել 820.000 դոլարով, իսկ մյուսի գինը հանրայնացված չէ: Մյուսները մեկ լոտի մեջ են՝ իրար կից խանութ, արագ սննդի կետ ու երկհարկանի շենք. ձեռք են բերվել 1.162.000 դոլարով և օտարվել 2018թ-ի փետրվարին 2.040.000-ով:

Այս առումով նշել էինք, որ Ամիրյանի 2017թ-ին պաշտոնի ստանձնման (վերանշանակվել էր) և 2018թ-ի հրաժարականից հետո ներկայացրած հայտարարագրերում նրա գույքի ծավալը մնացել է նույնը՝ 10 միավոր, չնայած այս փաստաթղթերը կազմելու արանքում նա վաճառել էր իր ունեցվածքի մի մասը:

Հետաքրքիրն այն է, որ մեր հրապարակումից հետո «Google Maps» ծածկել է նախկին նախարարին պատկանող 2 առանձնատների պատկերները, իսկ օտարված գույքի պատկերը հասանելի է: Հասկանալի է, որ «Google Maps»-ում փոփոխություն է արվել Ամիրյանի խնդրանքով: